+374 77 26-24-20

30 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին


1.
Հայաստանի երկրաբանական թանգարանում կարելի է տեսնել մեկ միլիոն տարեկան տրոգոնթերյան փղի կմաղք: Այն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի մոտ, ավազահանքում
2.
Մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Ըստ պահպանված սեպագիր արձանագրության այն հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին՝ Հռոմից 29 տարի առաջ

3.
Արմենիա անվանումն առաջին անգամ հիշատակվում է Դարեհ I Մեծի Բեհիսթունի արձանագրությունում մ.թ.ա. 520թ.-ին
4.
Պատմական Հայաստանի տարածքը կազմել է շուրջ 300.000 քառ. կմ: Դարերի ընքացքում, օտար նվաճողների արշավանքների և հատկապես 1915թ.-ի հայոց ցեղասպանության հետևանքով հայերը կորցրել են իրենց պատմական տարածքների գրեթե 90 տոկոսը: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 30.000 քառ. կմ

5.
Հայոց արքա Տիգրան Մեծը մ․թ․ա․ առաջին դարում ստեղծել է հսկայական կայսրություն, որի սահմանները ձգվել են Եգիպտոսից մինչև Սև և Կասպից ծովերը
6.
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն: Դա տեղի է ունեցել 301 թվականին Տրդատ Գ թագավորի օրոք

7.
Էջմիածնի Մայր Տաճարը, որը կառուցվել է 301-303 թվականներին, համարվում է աշխարհի հնագույն Մայր տաճարը
8.
Վատիկանում տեղադրված են Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի(302-325 թթ.) և միջնադարյան մեծ հայ բանաստեղծ ու փիլիսոփա Գրիգոր Նարեկացու(951-1003թթ.) արձանները

9.
Վարազդատ թագավորը 360թ.-ին դարձել է բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն: Նա համարվում է Անտիկ օլիմպիական խաղերի վերջին հայտնի օլիմպիական չեմպիոնը: Ի պատիվ Վարազդատ թագավորի՝ 1998 թ.-ին Միջազգային օլիմպիական ակադեմիայում(Հունաստան) տեղադրվել է նրա մարմարե կիսանդրին
10.
Հայկական հնագույն երաժշտական գործիք դուդուկը հնչում է Գլադիատոր ֆիլմում

11.
Հայոց այբուբենը ստեղծվել է 405 թվակականին: Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն, հետևյալն է. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»
12.
Խաչքարը կերպարվեստի բացառապես հայկական տեսակ է: Այն իրենից ներկայացնում է մինչեւ 1,5 մ բարձրությամբ փորագրված խաչարձան: Գոյություն ունեն հազարավոր խաչքարեր, բայց յուրաքանչյուրը իր տեսքով տարբերվում է մյուսներից

13.
Հայաստանի տարածքում հաշվվում է շուրջ 25 հազար պատմամշակութային հուշարձան: Զարմանալի չէ, որ շատերը Հայաստանը անվանում են թանգարան բաց երկնքի տակ
14.
Հայերի գլխավոր ազգային խորհրդանիշը՝ Արարատ լեռը, գտնվում է այլ պետության՝ Թուրքիայի տարածքում

15.
Սփյուռքում ապրում է ավելի քան 6 միլիոն հայ, 2 անգամ ավելի շատ, քան Հայաստանում
16.
1915-1923թթ.-ին Օսմանյան կայսրությունը կազմակերպեց և իրականացրեց մարդկության մեծագույն ոճրագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը: Սպանվեց շուրջ մեկուկես միլիոն հա: Աշխարհի մոտ 30 երկիր արդեն ճանաչել և դատապարտել են այն, սակայն Թուրքիան մինչ օրս մերժում է

17.
Գերմանիան 1943թ.-ին Թեհրանի համաժողովի ընթացքում ծրագրում է «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձ՝ «Երկար թռիչք» կոդային անվանմամբ: Տեղեկանալով այդ մասին՝ Մոսկվան ահաբեկչության կանխումը վստահում է 19-ամյա հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի ղեկավարած խմբին: Նրանք փայլուն կերպով կատարում են առաջադրանքը
18.
1945 թվականին` Յալթայի կոնֆերանսի ժամանակ, Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է Երեւանի ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած «Դվին» կոնյակը

19.
ՆՈՅ կոնյակի գործարանը հիմնադրվել է 1877թ-ին: 1912թ.-ին այն իր արտադրանքի բարձր որակի համար դառնում է Ռուսական Կայսերական Արքունիքի մատակարարը: Ներկայումս այն ևս հանդիսանում է Կրեմլի պաշտոնական մատակարարը
20.
1956-1974 թվականներին Լճաշենի հնավայրի պեղումների արդյունքում հայտնաբերվել են աշխարհի ամենահին կառքերը և սայլերը, որոնք պատրաստված են փայտից և թվագրվում են մ.թ.ա. 15-14 դարերով: Դրանցից մի քանիսը պահպանվել են գերազանց վիճակում և ցուցադրված են Հայաստանի պատմության թանգարանում

21.
2007 թվականին Արենի-1 քարանձավային համալիրում հայ և իռլանդացի հնագետների թիմի կողմից հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան, որը ամենահինն է աշխարհում
22.
2008 թվականին նույն քարանձավում հայնաբերվեց ամենահին կաշվե ոտնամանը՝ 5500 տարեկան: Այն այժմ ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում

23.
Հայկական ծագում ունեն անպիսի համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, ինչպիսիք են երգիչներ Շառլ Ազնավուրը, Շերը, Սերժ Թանկյանը և SOAD ռոք խմբի մյուս անդամները, մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, թենիսիստ Անդրե Աղասին, Քիմ Քարդաշյանը և այլն: Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունից տուժածների ժառանգներ են
24.
Հայաստանի բնակչության 98 տոկոսը հայեր են

25.
Հայաստանի փոքր տարածքի կլիման և աշխարհագրությունը խիստ բազմազան են: Այստեզ հանդիպում են 5 լանդշաֆտային գոտիներ՝ կիսաանապատայինից մինչև ձյունամերձ, իսկ կլիման չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ լեռնային
26.
Միջնադարում թշնամու հարձակման ժամանակ Տաթևի վանքի զանգակատանը հնչեցվել են տագնապի զանգեր, որի ձայնը տարածվել է մոտ 50կմ շառավղով և տեղեկացրել մոտեցող վտանգի մասին

27.
Տաթևի ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Այն առանց կանգառի անցնում է 5752մ
28.
Բրիտանական «The Independent» պարբերականը 2019 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ օրենսդիր մարմինների շենքերի լավագույն 10-յակում

29.
Հարցումների համաձայն, զբոսաշրջիկների 98 տոկոսը Հայաստանից գոհ է տուն վերադառնում
30.
Այս ամենով հանդերձ Հայաստանը մնում է քիչ ճանաչված և բացահայտված երկրներից մեկը