+374 77 26-24-20

Հավուց Թառի վանք

  • Գառնի, Կոտայք
  • Երևանից 28 կմ
  • Հնվ - Դկտ

Հավուց թառի վանական համալիրը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, բարձրադիր վայրում: Այստեղից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ գետի կիրճը, Գառնի և Գողթ գյուղերը: Վանքը հիմնադրվել է IV դարում և գործել մինչև XVIII դարը: Այն մեզ է հասել կիսավեր վիճակում, սակայն պահպանված շինությունները, բազմաթիվ մատենագրական եւ վիմագրական նյութերը հարուստ ինֆորմացիա են տալիս վանքի պատմության մասին:

Պատմություն

Թեև վանքը հիմանդրվել է IV դարում, նրա ծաղկման շրջանը սկսվել է XI դարի սկզբից՝ Գագիկ Ա Բագրատունի(989-1017թթ.) թագավորի օրոք, երբ Հայաստանը զարգանում և վերելք էր ապրում: Այդ ժամանակաշրջանը համնընկնում է Քրիստոսի ծննդյան 1000-ամյակի հետ, որի առիթով Գագիկ թագավորը և Կատրամիդե թագուհին նախաձեռնում են բուռն եկեղեցաշինություն:
Հետևելով թագավորին ու թագուհուն՝ Հավուց թառի մոտակա Քեղի բերդի(Կաքավաբերդի) տերը՝ Գևորգ իշխանը, 1002 թ. կառուցում է Հավուց թառի Կաթողիկե եկեղեցին: Իշխանը վանքին նվիրում է կալվածքներ, որոնց թվում է լինում մոտակա Գողթ գյուղը:

Սուրբ «Ամենափրկիչ» խաչ

1013 թ. Գագիկ թագավորը Գևորգ իշխանին է հանձնում «Ամենափրկիչ» սուրբ
մասունքը, որը բյուզանդական Վասիլ կայսերը նվիրել էր Գագիկ Ա թագավորին: Սուրբ «Ամենափրկիչը» փայտյա փորագրազարդ խաչ է, որը պատկերում է Հիսուս Քրիստոսին խաչափայտից իջեցնելու տեսարանը(այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում): Իսկ Գևորգ իշխանը խաչը նվիրում է Հավուց թառի վանքին, որտեղ այն պահվում է դարերով: Ի պատիվ «Ամենափրկիչ» խաչի՝ Հավուց թառի վանքը ստացել է նաև Ամենափրկիչ անունը:
Այսպիսով, Գևորգ իշխանի հովանավորությամբ սկսվում է վանքի ծաղկումը: Հետագա դարերին վանքը շարունակում է զարգանալ և մինչև ուշ միջնադար հանդիսանում միջնադարյան Հայաստանի հռչակավոր վանքերից մեկը, նշանավոր հոգևոր և մշակութային կետրոն:

XIII-XV դարերում վանքում գործել է նշանավոր գրչության կենտրոն: Այստեղ գրվել են բազնաթիվ արժեքավոր մատյաններ, որոնցից շատերը հասել են մեր օրերը: Հավուց թառում գրված մեզ հայտնի առաջին ձեռագիր մատյանը 1214 թ. գրված Ավետարանն է, որի հեղինակը հայտնի հայ գրիչ-մանրանկարիչ Իգնատիոսն է։

Վեհամոր Ավետարան

XIII դարում Հավուց թառում է պահվել «Վեհամոր Ավետարանը», որը ամբողջական պահպանված հնագույն(VII դ.) հայերեն ձեռագիր մատյանն է։
Ավանդույթի համաձայն` Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները երդմնակալության արարողության ժամանակ երդվում են՝ աջ ձեռքը դնելով «Վեհամոր Ավետարանի» եւ երկրի Սահմադրության վրա: Այն այժմ պահվում է Մատենադարանում:

1679 թ. Գառնիի հզոր երկրաշարժից Հավուց թառի վանքը մեծապես վնասվում է: Ավերվում են Կաթողիկե եկեղեցին և կից գավիթը, որոնք այլևս չեն վերականգնվում: Նրանց տեղում 1721 թ. կաթողիկոս Աստվածատուր Համադանցին(1715-1725 թթ.) նախաձեռնում է նոր եկեղեցու կառուցումը: Ցավոք, այն անավարտ է մնում լեզգիների առաջին արշավանքի պատճառով: Իսկ լեզգիների երկրորդ արշավանքի հետևանքով (1755 թ.) Հավուց թառի վանքը լքվում և ամայանում է:

Ճարտարապետություն

Հավուց թառի վանական համալիրը բաղկացած է իրարից առանձին 3 հուշարձանախմբերից՝ հիմնական հուշարձանախումբ, Բլրի եկեղեցի և Սուրբ Կարապետ մատուռ: Նույնիսկ կիսավեր վիճակում հուշարձանը հիացնում է իր ճարտարապետությամբ ու հարուստ զարդաքանդակներով: Վանքի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր:

Հիմնական հուշարձանախումբ

Հիմնական հուշարձանախումբը 4 կողմից պարսպապատ է, իսկ պարսպի պարագծով տեղակայված են տնտեսական, բնակելի և այլ օժանդակ կառույցներ: Կենտրոնում պահպանվել է կաթողիկոս Աստվածատուր Համադանցու հիմնադրած, սակայն անավարտ մնացած եկեղեցին, որը պետք է լիներ կենտրոնագմբեթ կառույց: Եկեղեցին պահպանվել է գրեթե այն վիճակում, ինչպես եղել է 18-րդ դարում: Այն կառուցելիս օգտագործվել են ավերված Կաթողիկե եկեղեցու և գավթի քարերն ու զարդաքանդակները:

Բլրի եկեղեցի

Հիմնական հուշարձանախմբից մոտ 100 մետր հեռավորության վրա, բլրի գագաթին գտնվում է XIII դարի Սուրբ Աստվածածին կամ Բլրի եկեղեցին: Արտաքուստ այն ունի կարմիր և սև տուֆի քարերից շախմատաձև շարվածք: Հյուսիսային ճակատին առկա է հայերեն ընդարձակ արձանագրություն, որը տառարվեստի բարձրաժեք նմուշ է:

Սուրբ Կարապետ մատուռ

Սուրբ Կարապետ մատուռը գտնվում է գլխավոր համալիրից 200մ հեռավորության վրա: Այն կառուցվել է 1213թ. և, ինչպես մյուս կառույցները, մեզ է հասել վնասված վիճակում: Մատուռի շուրջը կան խաչքարեր ու տապանաքարեր:

Գրավչություններ մոտակայքում