+374 77 26-24-20

Ձիարշավ Գառնիի ձորից դեպի Հավուց թառի վանք

  • Գառնի, Կոտայք
  • Երևանից 28 կմ
  • Հնվ - Դկտ

Ձիարշավը մեկնարկում է Գառնիի ձորից՝ «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի մոտակայքից: Այնուհետև երթուղին պետք է հատի Ազատ գետը և շարունակվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Փորձառու մասնակիցները կարող են Ազատ գետը անցնել Գառնիի միջնադարյան կամրջի վրայով, որտեղից երթուղու մի փոքր հատված շարունակվում է զառիվեր նեղ արահետով: Իսկ ձիարշավի քիչ փորձ ունեցողները երթուղին կսկսեն մի փոքր երկար, սակայն լայն և ապահով ճանապարհով: Երթուղու միայն սկզբնական հատվածն ունի երկու տարբերակ, այնուհետև նրանք հատվում են և շարունակվում նույն ճանապարհով:

Գառնիի ձորը գտնվում է ցածրադիր վայրում, իսկ Հավուց թառ վանական համալիրը Ազատ գետի ձախափնյա բլուրների վրա, այսպիսով, երթուղին մեծամասամբ թեթև վերելքային է:

Երթուղու շատ հատվածներից և հատկապես Հավուց թառից բացվում է հրաշալի տեսարան դեպի Գառնիի ձորը, Գառնի և Գողթ գյուղերը:

Ձիարշավի մասնակիցները վանքի տարածքում կարող են հանգստանալ, հիանալ միջնադարյան վանքի ճարտարապետությամբ և զարդաքանդակներով:

Երթուղու ընդհանուր երկարությունը 8-9 կմ է, իսկ տևողությունը՝ մոտ 3 ժամ:

Գրավչություններ մոտակայքում