+374 77 26-24-20

Գառնու Տաճար

  • Գառնի, Կոտայք
  • Երևանից 28 կմ
  • Հնվ - Դկտ

Գառնիի հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Գառնիի ամրոցի տարածքում: Գառնիի ամրոցը կառուցվել է մ.թ.ա. III-II դարերում երեք կողմից ժայռերով պաշտպանված գեղատեսիլ հրվանդանի վրա: Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք այն ծառայել է նաև որպես թագավորական ամառանոց:

Ամրոցի տարածքում կան բազմաթիվ նշանավոր պատմահնագիտական հուշարձաններ, սակայն համալիրի զարդը հանդիսանում է Միհր աստծուն նվիրված հեթանոսական տաճարը: Գառնիի տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է և աչքի է ընկնում իր գեղեցկությամբ և պատմակամշակութային արժեքով: Այն իր ոճով հունական պերիպտերային կառույց է՝ շրջապատված է 24 սյուներով, իսկ հռոմեական ոճի հարթակը(պոդիումը) ունի 9 աստիճաններ և 2,5 մետր բարձրություն: 24 սյուները իմաստավորում են օրվա 24 ժամերը, իսկ աստիճանների քանակը՝ անտիկ Հայաստանում ընդունված սոցիալական 9 աստիճանները: Տաճարը ունեցել է նախամուտք և խորան, իսկ խորանի պատվանդանին դրված է եղել ցլի դեմ մենամարտող Միհր աստծո արձանը: Պատերը շարվել են առանց շաղախի, իսկ քարերը ամրացվել են երկաթե գամերով և հալած կապարով:

Թեև տաճարը հունահռոմեական ոճի կառույց է, այն ունի առանձնահատկություններ, որով տարբերվում է, օրինակ՝
- կառուցված է տեղական բազալտից, իսկ բազալտից շատ ավելի բարդ է կառուցել, քան մարմարից,
- ունի երդիկ, որի միջոցով կեսօրին արևի ճառագայթները լուսավորել են խորանը և Միհր աստծո արձանը,
- զարդարված է հայ արվեստին հատուկ բուսական և կենդանական զարդանախշերով:

1945թ.-ին մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը Գառնի գյուղի գերեզմանոցում պատահաբար նկատում է մի տապանաքար, որի վրա կար հունարեն արձանագրություն: Այն անմիջապես գրավում է պատմաբանների ուշադրությունը: Արձանագրության ուսումասիրության արդյունքում գիտնականներից շատերը գալիս են այն եզրակացության, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77թ. հայոց արքա Տրդատ Ա Արշակունու կողմից:

Հատկանշանակ է նաև այն հանգամանքը, որ քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում քանդվել են բոլոր հեթանոսական տաճարները՝ բացառությամբ Գառնիի տաճարի:
Այն նաև կանգուն է մնացել Հայաստանը նվաճողների բազմաթիվ ասպատակություններից հետո: Ցավոք, 1679թ. տաճարը ավերվում է հզոր երկրաշարժից. կանգուն է մնում միայն պատվանդանը:

Գառնիի ամրոցի պեղումները սկսվել են 1909թ.-ին: Բարեբատաբար, քարերի մեծ մասը մնացել էին տեղում. դա հնարավորություն է տվել սկսել վերակազմության աշխատանքները:
Անվանի շատ ճարտարապետներ փորձել են վերաստեղծել տաճարի նախնական տեսքը, և միայն ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանին հաջողվեց ներկայացնել Գառնիի տաճարի վերակազմության ճշգրիտ նախագիծը: 1968թ. կառավարությունը հաստատում է նախագիծը և 1969-1976թթ. Ալեքսանդր Սահինյանի ղեկավարությամբ վերականգնման աշխատանքները փայլուն կերպով իրականացվում են:

Գառնիի ամրոցի տարածքում հայտնաբերվել են թագավորական շոգեբաղնիք, պալատական շինություններ, 7րդ դարի եկեղեցի, Ուրարտական Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունը Գառնիի գրավման մասին: Այնտեղ է գտնվում նաև տաճարի կառուցման մասին հունարեն արձանագրությունը:

Համալիրը հանդիսանում է Հայաստանի ամենաայցելվող տեսարժան վայրերից մեկը: Գառնիի տաճարը երեկոյան լուսավորվում է գունավոր լույսերով, որոնք յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում տաճարին:

Գրավչություններ մոտակայքում