+374 77 26-24-20

Կիլիկիա առագաստանավ

  • Արտանիշ, Գեղարքունիք
  • Երևանից 135 կմ
  • Հնվ - Դկտ

1985թ-ին մի խումբ երիտասարդների մոտ խենթ գաղափար է ծնվում՝ լեռնային Հայաստանում կառուցել Կիլիկիայի Հայկական Թագավորության առևտրային նավի կրկնօրինակը և նրանով նավարկել միջնադարյան Եվրոպայի ծովային առևտրային ուղիներով: Ցավոք, այդ նավերից որևէ նմուշ չէր պահպանվել և ինֆորմացիայի միակ աղբյուրը միջնադարյան ձեռագրերն ու մանրանկարներն էին: Մանրակրկիտ ուսումնասիրությունները տևեցին շուրջ 6 տարի, որի արդյունքում հնարավոր եղավ վերականգնել առագաստանավի տեսքը: Այնուհետև 1991թ-ին սկսվում է նավի կառուցումը` կիրառելով միջնադարյան նավաշինական տեխնոլոգիաները: Նախատեսվում էր այն կառուցել մի քանի տարում, սակայն աշխատանքները տևեցին շատ ավելի երկար: 11 տարվա տքնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը և 2002թ-ի մայիսի 25-ին առագաստանավը ջրարկվեց Սևանա լճում: Նավը անվանեցին «Կիլիկիա»:
Սակայն «Կիլիկիայի» կառուցումը տղաների երազանքի միայն մի մասն էր. պետք էր փորձարկել նավը ծովում, գնահատել ծովագնացության նրա իրական հնարավորությունները և կրկնել միջնադարյան երթուղին: Մինչ ծով դուրս գալը որոշում կայացվեց նավը փորձարկել Սևանա լճում: Սևանում լինում են բավականին ուժեղ քամիներ, իսկ կարճ և հաճախակի ալիքները անընդհատ հարվածում են նավերին, որոնք ոչ միայն դժվարացնում են նավերի կառավարումը, այլ կարող են վնասել դրանք: 2 տարի հաջող փորձարկումից հետո «Կիլիկիան» պատրաստ էր դուրս գալ ծով: Հատուկ քարշակի միջոցով նավը Սևանա լճից լեռնային ճանապարհներով տեղափոխվեց դեպի Վրաստանի Փոթի նավահանգիստ:
2004թ-ին այնտեղից էլ սկսվում է «Նավարկություն 7 ծովերով» նավարշավը: Այն 3 տարում անցավ Սև ծովը, Միջերկրական ծովը, Ատլանտյան օվկիանոսը, Հյուսիսային ծովը, Բալթիկ ծովը, այնուհետև Ռուսաստանի գետերով վերադարձավ Սև ծով: Բազմաթիվ փոթորիկներ հաղթահարելով` «Կիլիկիա» առագաստանավը անցավ 28 հազար կմ, հանգրվանեց Եվրոպայի և Ասիայի 25 երկրների 63 նավահանգիստներում, որտեղ նրանց դիմավորում էին ոչ միայն տեղացիները, այլ նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Նավարկության ընթացքուն 6 հոգանոց անձնակազմը պահպանում էր միջնադարյան կենցաղը, սնունդը և հագուստը, որը էլ ավելի էր մեծացնում մարդկանց հետաքրքրությունը:
2006 թ-ին ավարտելով նավարշավը՝ «Կիլիկիան» Բաթումից վերադառնում է հարազատ Սևանա լիճ: Լեգենդար նավը այժմ հանգրվանել է Արտանիշի ծոցում, Port Ayas հանգստյան կենտրոնի տարածքում, ափից քիչ հեռու, որտեղ գտնվում է մշտական պահպանության և խնամքի ներքո:
«Կիլիկիա» առագաստանավը սպասում է իր այցելուներին, որոնք կարող են մոտիկից ծանոթանալ նավին, ինչպես նաև հանդիպել և զրուցել նավապետ Կարեն Բալայանին հետ:
Հ.Գ.
Հատկանշական է, որ նավը բացի ծովային ճամփորդությունից, կատարել է նաև բավական երկար ցամաքային ճամփորդություն: Ամենայն հավանականությամբ նրա ծովային ճամփորդությունը ավարտված է, սակայն սպասվում է ցամաքային ևս մեկ ուղի. կա մտահաղացում՝ ստեղծել հայկական նավաշինության թանգարան, որտեղ կտեղադրվի «Կիլիկիան»: Թանգարանը կլինի առավել ապահով վայր Կիլիկիայի համար, որտեղ այն կունենա պահպանման ավելի լավ պայմաններ, քան բաց երկնքի տակ: Թանգարանում բացի «Կիլիկիայից» տեղ կգտնեն այն հարուստ ցուցանմուշները և նյութերը, որ «ԱՅԱՍ» Ծովային Հետազոտությունների Ակումբի կողմից հավաքվել են 1985թ-ից ի վեր:

Այլ տեսարժան վայրեր Արտանիշ գյուղում