+374 77 26-24-20

Սաղմոսավանք

  • Սաղմոսավան, Արագածոտն
  • Երևանից 32 կմ
  • Հնվ - Դկտ

Սաղմոսավանքը կանգնած է Քասախի կիրճի ամենախոր հատվածի(200մ) ձորափին: Այս գեղատեսիլ վայրից երևում են նաև Արարատ, Արագած և Արա լեռները:

Սաղմոսավանքի պատմությունը սկսվում է IV դարից, երբ հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը այս վայրում կառուցում է եկեղեցի և այն դարձնում եպիսկոպոսանիստ աթոռ: Նա եկեղեցու հոգևորականներին սովորեցնում է սաղմոսներ, որպեսզի նրանք անդադար սաղմոսերգություն կատարեն: Այստեղից էլ ի հայտ է եկել Սաղմոսավանք անունը:

Ժամանակի ընթացքում տվյալ տարածաշրջանում կառուցվում են նշանավոր այլ սրբատեղիներ, որի պատճառով Սաղմոսավանքը աստիճանաբար կորցնում է իր նշանակություն: Իսկ սելջուկների տիրապետության ժամանակ վանականները ստիպված իջնում են Քասախի կիրճ և հաստատվում քարանձավներում։ Այստեղից նրանք ոչ միայն ապրում են հոգևոր կյանքով, այլ նաև աջակցում են սելջուկների դեմ ազատագրական պայքարին:

Հայկական և վրացական միացյալ զորքերի գլխավոր հրամանատար Զաքարե Զաքարյանի գլխավարությամբ 1191-1196թթ. ներկայիս Արագածոտնի մարզը ազատագրվում է սելջուկների տիրապետությունից: Այդ տարածքները Զաքարե Զաքարյանը հանձնում է կռիվներում աչքի ընկած Վաչե Վաչուտյանին և նրան շնորհում իշխանաց իշխանի տիտղոս: Իշխան Վաչեն և նրա կին իշխանուհի Մամախաթունը ուխտում են կառուցել բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ: Այդ ժամանակների օրենքը պահանջում էր, որ նոր եկեղեցիները և վանքերը պետք է կառուցվեին ավերված սրբավայրերի տեղում: Իշխանը և նրա կինը նախ Սաղմոսավանքի IV դարի եկեղեցին են վերանորոգում, ապա նրա կողքին 1215թ-ին կառուցում են վանական համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Սիոնը: 1215-1220-ական թվականները նրանք Սուրբ Սիոն եկեղեցուն արևմուտքից կից կառուցում են գավիթ, որը տաճարի համար ծառայում է որպես նախամուտք: Իշխանը վանքին նվիրաբերում է 1 գյուղ և 115 ձեռագիր մատյան:

Ժամանակի ընթացքում գրքերի հավաքածուն այնքան է հարստանում, որ առաջանում է գրատուն ունենալու անհրաժեշտություն: 1255թ. Վաչեի որդի Քուրդ Վաչուտյանը իր տիկնոջ՝ իշխանուհի Խորիշահ Մամիկոնյանի հետ կառուցում են Սուրբ Աստվածածին եկեղեցի-գրատունը, որը նվիրում են իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին: Գրատան պատերի վերնամասում եղել են հատուկ խորշեր, որոնք ծառայել են որպես ձեռագրերի և եկեղեցական թանկարժեք սպասքի թաքստոցներ։ Ստեղծված պայմանները հիմք հանդիսացան, որ 1267թ. գիտնական և պատմիչ Վարդան Արևելցին Խոր Վիրապի վանքից վարդապետական բարձրագույն դպրոցը տեղափոխում է Սաղմոսավանք։

Այդպիսով, Վաչուտյան իշխանական տոհմի աջակցությամբ Սաղմոսավանքը դառնում է միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և կրթական խոշոր կենտրոններից մեկը: Այն գործել է մինչև XVII դ. վերջ: Այդ շրջանում վանքը ունեցել է տասնյակ հարկատու գյուղեր, մեծ հողատարածքներ և այգիներ, ջրաղացներ, հնձաններ և այլն: Ստացված եկամուտները վանքը օգտագործել է սեփական կարիքները հոգալու, գիտակրթական և բարեգործական նպատակներով:

1830թ. մի խումբ հայ գաղթականներ հաստավում են վանքի մոտ և ստեղծում գյուղ: Գյուղը ի պատիվ Սաղմոսավանքի կոչվում է Սաղմոսավան:

Չնայած դարերի ընթացքում վանքը հաճախակի վնասվել է, այն միշտ վերանորոգվել և կանգուն է մնացել: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ 1998-2000թթ. վանքը հիմնովին վերանորոգվել է:

Սաղմոսավանքը եռագմբեթ կառույց է: Արտաքին համեստ տեսքին հակադրվում է ներքին հոյակերտ հարդարանքը: Վանքի ներսում ձայնային հնչեղությունը հրաշալի է և մինչ օրս այնտեղ հնչում է հոգևոր երգը:

Գրավչություններ մոտակայքում