- Ուրցաձոր, Արարատ
- Երևանից 61 կմ
- Հնվ - Դկտ
Պատմություն
Տափի բերդը եղել է միջնադարյան Հայաստանի Ուրծ գավառի համանուն գյուղաքաղաքի ամրոցը: Ուրծ գավառի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում Է վաղ միջնադարին: Համաձայն հայ պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարպեցու, Ուրծ գավառը V դարում պատկանել է Ուրծյաց իշխանական տոհմին, իսկ Ուրծյաց իշխան Ներսեհը մասնակցել է Վարդանանց պատերազմին և եղել Վասակ Մամիկոնյանի զինակիցը:Տափի բերդի կառուցման վերաբերյալ հստակ տեղեկություն չկա: Պահպանված արձանագրությունները վերաբերվում են XIII դարին և դրանից հետո: Հատկանշական է, որ ամրոցի եկեղեցում 1496թ. գրվել է Սաղմոսարան։
Ամրոցի ծագումը կապում են X դարի հայտնի հայ իշխան և զորավար Գևորգ Մարզպետունու հետ և ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է X դարում: Այն հաճախ անվանում են Գևորգ Մարզպետունու ամրոց:
Ամրոցը կառուցվել է միջնադարյան Ուրծ բնակավայրի եզրին, բարձրունքի վրա, իսկ բնակավայրը փռված է եղել ամրոցից ներքև՝ հարթավայրում: Շրջակայքում պահպանվել են Ուրծ բնակավայրի շինությունների փոքրաթիվ ավերակներ: Բարեբախտաբար ամրոցը պահպանվել է համեմատաբար լավ վիճակում և հանդիսանում է Հայաստանի փոքրաթիվ կանգուն ամրոցներից մեկը: 2008-2009թթ. ամրոցը մասնակիորեն պեղվել է, վերականգնվել են վնասված պարիսպնորը և եկեղեցին: 2024թ. պեղումները վերսկսվել են: