+374 77 26-24-20

Հրեշտակների ձոր

  • Դաշտաքար, Արարատ
  • Երևանից 52 կմ
  • Հնվ - Դկտ

Հրեշտակների ձորը Հայաստանի բնության բացառիկ հուշարձաններից մեկն է, որը տպավորում է իր տեսքով և խորհրդավորությամբ: Ոսկեգույն այս կիրճը թաքնված է Վեդի քաղաքի շրջակա կիսաանապատային տեղանքում:

Հրեշտակների ձորը փոքր և նեղ կիրճ է, որի երկարությունը մոտ 50 մետր է, իսկ բարձրույունը՝ 6-7 մետր: Կիրճի լանջերը իրենցից ներկայացնում են դեղին ավազաքարից ուղղահայաց ժայռեր, որոնք հորիզոնական ուղղությամբ շերտավոր են:
Երկրաբանական այս շերտը սկսել է ձևավորվել դեռևս 60 միլիոն տարի առաջ, երբ սկսվել է տվյալ տարածքի օվկիանոսային կեղևի հողմահարման պրոցեսը: Այնուհետև այստեղով հոսել է Կոտուց գետը, որի հոսքը ժամանակի ընթացքում առաջացրել է Հրեշտակների ձորը: Ջրի սակավության պատճառով տարիներ ի վեր գետը այլևս չի հոսում: Նկատելի է, որ կիրճի հատակը պատված է կապույտ ավազով և գետի կողմից հղկված քարերով:

Հրեշտակների ձորի ճանապարհին հանդիպում են բնության երկու տպավորիչ հուշարձան:
Առաջինը անմիջապես կիրճի հարևանությամբ է՝ Հրեշտակների կամարը: Այն ոսկեգույն քարե բնական կամար է, որը հիացնում է իր վառ դեղին գույնով: Կամարը առաջացել է հողմահարման արդյունքում:
Բնության մյուս հուշարձանը կոչվում է Քարե գիրք, որը գտվում է Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, նրանից մոտ 2 կմ հեռավուրթյան վրա: Այն իրենից ներկայացնում է հսկայական ժայռաբեկոր, որը հողմահարման արդյունքում մի քանի տեղից ճեղքվել է և նմանվել բացված գրքի:

Հրեշտակների ձորը հասանելի է տարվա բոլոր եղանակներին: Շատ տպավորիչ է ձիարշավը դեպի Հրեշտակների ձոր: Այն հրաշալի ուղղություն է նաև թեթև քայլարշավի սիրահարների համար:

Գրավչություններ մոտակայքում