+374 77 26-24-20

Ձիարշավ Տասանորդի լեռներում

  • Ուրցաձոր, Արարատ
  • Երևանից 61 կմ
  • Մյս - Նյմ

Ձիարշավը սկսվում է Ուրցաձոր գյուղից, որտեղ ձեզ կդիմավորեն ձիերը և ուղեկցորդը: Ծանոթանալուց հետո յուրաքանչյուր մասնակցի համար ընտրվում է իրեն համապատասխան ձի: Ձիարշավը մեկնարկում է առավոտյան, քանի որ երթուղին բավական երկար է:

Գյուղից դուրս գալուց հետո երթուղին անցնում է Ուրցաձորի դաշտերով, որից հետո որոշ հատված շարունակվում է գրունտային ճանապարհով՝ Վեդի գետի հունով դեպի վեր: Ապա երթուղին հատում է գետը, որտեղից ռելիեֆը կտրուկ փոխվում է: Դաշտերին և գրունտային ճանապարհին փոխարինում են լեռնային նեղ արահը և կտրուկ վերելքը դեպի Տասանորդի լեռներ: Այստեղ բարձրունքների ետևում թաքնված են հրաշալի տեսարաններ դեպի խոր ձորերը և շրջակա լեռները, և որքան բարձրանում ես, այնքան, տեսարանը ավելի ամբողջական և հիացնող է դառնում: Այստեղ տեղանքը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, որտեղ հանդիպում է կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, գորշ արջը, գայլը և այլ կենդանիներ: Հրաշալի հնարավորություն է հեռադիտակով կենդանադիտում և թռչնադիտում իրականացնել:
Վերելքը ավարտվում է Տասանորդ լեռան ստորոտին, որտեղ բավական ընդարձակ և հարթ տեղանք է և որտեղ կարելի է հանգստանալ և պիկնիկ անել:

Այստեղից երթուղին շարունակվում է լեռնային նեղ արահետով և դուրս գալիս մի վայր, որտեղ հասնում են արտաճանապարհային մեքենաները: Ճանապարհը աստիճանաբար իջնում է դեպի Ուրցաձոր գյուղ: Ռելիեֆը հարմար է քառատրոփ վարելու համար: Ընթացքում երևում է Արարատ լեռը և բացվում հրաշալի համայնապատկեր դեպի շրջակայքը:

Պետք է նշել, որ բոլոր ձիերը ֆիզիկապես պատրաստ են և վարժեցված նման բարդ երթուղին հաղթահարելու համար: Մասնակիցներին մնում է միայն վստահել իրենց ձիերին և փորձառու ուղեկցորդին:

Ձիարշավը նախատեսված է ձիավարության փորձ ունեցողների համար և ովքեր սիրում են արկածային հանգիստը:

Երթուղու տևողությունը 7-8 ժամ է, երկարությունը՝ 23-25 կմ:

Գրավչություններ մոտակայքում