+374 77 26-24-20

Գեղարդի վանք

  • Գեղարդ, Կոտայք
  • Երևանից 38 կմ
  • Հնվ - Դկտ

Գեղարդի վանքը կամ Գեղարդավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և կրթական կենտրոններից մեկը, որտեղ գործել են դպրոց, գրադարան, գրչատուն և երաժշտական ակադեմիա: Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս:
Վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի ճանապարհի շարունակության վրա, Երևանից 38 կմ հեռավորության վրա։

Գեղարդի վանքի պատմությունը կարելի է բաժանել երկու մասի՝ մինչև XIII դար և դրանից հետո: Վանքը հիմնադրվել է IV դարի սկզբում՝ հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կողմից: 301 թվականին, երբ քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն, սկսվեցին հիմնվել առաջին եկեղեցիները և վանքերը, որոնցից մեկն էլ Գեղարդի վանքն էր: Մինչև XIIIդ. վանքը բաղկացած է եղել ժայռափոր մի քանի եկեղեցիներից և մատուռներից, հարյուրավոր ժայռափոր խցերից և քարայրներից: Այդ պատճառով վանքի սկզբնական անունը եղել է Այրիվանք, որը նշանակում է քարայրների վանք:

XIII դարում վանքը նոր շունչ է ստանում, երբ Արևելյան Հայաստանը արդեն ազատագրված էր սելջուկների տիրապետությունից: Այդ ժամանակ է կառուցվում վանքի հիմնական համալիրը: 1215թ. Զաքարյան իշխանական տոհմի կողմից կառուցվում է գլխավոր եկեղեցին, իսկ 1215-1225թթ.՝ եկեղեցուն կից գավիթը: 1240-ական թվականներին Պռոշյան իշխանական տոհմը Զաքարյաններից գնում է վանական համալիրը: Պռոշյանները գլխավոր եկեղեցուն կից ժայռի մեջ կառուցում են վիմափոր համալիր՝ երկու եկեղեցի, գավիթ և ժամատուն-դամբարան:

XIIIդ. Գեղարդի վանք է տեղափոխվում սուրբ Գեղարդը, որը Նոր Կտակարանում հիշատակվող այն նիզակի երկաթե ծայրն է, որով հռոմեացի զինվորը խոցում է մահացած Հիսուսի կողը: Այն իր հետ Հայաստան է բերում Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոսը, ով Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներից է: Մինչև 301թ. սուրբ Գեղարդը պահվել է Հայաստանի քրիստոնյա համայնքերում: 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն, քրիստոնեության ամենանշանակալի մասունքներից մեկը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու սեփականությունը: Մինչև XIIIդ. այն պահվել է Հայաստանի տարբեր վանքերում, որից հետո շուրջ 500 տարի հանգրվանել է Գեղարդի վանքում: Այդ ժամանակ էլ վանքի Այրիվանք անունը փոխվել է Գեղարդի վանք: 1760-ական թվականներին սուրբ Գեղարդը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Վանքը բազմիցս տուժել է թշնամու և երկրաշարժների ավերածություններից, սակայն ամեն անգամ վերառուցվել է: Պահպանվել է ոչ միայն վանքի հիմնական համալիրը, այլ նաև բազմաթիվ ժայռափոր կառույցներ:

Գրավչություններ մոտակայքում